Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի մեկնաբանում Արմեն Հարությունյանի` Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը:
ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այդ առնչությամբ Արմեն Հարությունյանն ավելի ուշ ասուլիս կտա:
«Հունվարի 15-ից հետո Մարդու իրավունքների պաշտպանը ասուլիս կհրավիրի, որի ընթացքում արդեն ամեն ինչ պարզ եւ հայտնի կդառնա: Իսկ մինչ այդ նա ոչ մի բան չունի ասելու եւ մենք չենք ուզում մեկնաբանել մամուլում շրջանառվող կցկտուր տեղեկատվությունը»,-ասաց մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը:
Նշենք, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը դառնում է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցիչը եւ նոր կարգավիճակով շուտով մեկնելու է Բիշքեկ: Իսկ օմբուդսմենի պաշտոնի հավանական թեկնածու համարվում է միջազգային իրավունքի փորձագետ Վարդան Պողոսյանը, ով, սակայն, ըստ մամուլի, հրաժարվել է այդ առաջարկից:





























