Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ պետքարտուղար Լեմուանը ջերմությամբ վերհիշեց ս.թ. նոյեմբերի 26-ին Փարիզում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի շրջանակներում նախարար Նալբանդյանի հետ հանդիպումը: Զրուցակիցները քննարկեցին 2018թ. Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Լեմուանը քննարկեցին միջխորհրդարանական կապերին, ապակենտրոնացված համագործակցությանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, գիտակրթական փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։

ԵՄ հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։

ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ»։