Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն եւս նամակ է հղել ԱՄՆ նախագահ Օբամային՝ կանխելու Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը։

 Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը այս նամակը ուղարկել է Օբամային, երբ դեռ հայտնի չէր, որ հայկական բանաձեւը չի ներառվել Կոնգրեսի օրակարգ։

 «Խորհրդարանները չեն կարող դատապարտել պատմությունը, չեն կարող պատմությունը նորից շարադրել։ Լուծումը գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության մեջ։   Թիվ 252 բանաձեւի ընդունումը լուրջ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան եւ հայ-թուրքական հարաբերություններին»,-նամակի մեջ նշել է Քըլըչդարօղլուն։

 Նշենք, որ թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուի մայրը հայ է եղել։ Այս փաստը Քըլըչդարօղլուն չի ժխտել՝ շեշտելով, թե իր մայրը կարող էր թե հայ, թե հույն, եւ թե քուրդ լինել։