Ալիեւի կլանի կողմից օկուպացված Ադրբեջանի հասարակությունը գործնականում կատաղության է հասցվել: Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանում նշված «օկուպացիայի» հերթական օրը, այս անգամ՝ Ստեփանակերտի:

«Բաքվի նման հայտարարություններն, ըստ էության, անհեթեթ են: Բայց դրանք ցույց են տալիս Ադրբեջանի ներքին իրավիճակը: Ալիեւների կլանի կրունկի տակ գտնվող հասարակությունը հուսահատության է հասցված: Իսկ իրականում խոսք կարող է լինել միայն մեկ օկուպացիայի մասին՝ Ադրբեջանի ալիեւական կլանի օկուպացիայի: Իսկ համանման հայտարարությունները այս համախտանիշի արտահայտությունն են»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ Ադրբեջանի հասարակության հուսահատության մասին են նշում նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները: Այսպես՝ Ամանորի շեմին ընդունված «2018-ի ապրուստի նվազագույն միջոցների մասին օրենքը» առաջացրել է բնակիչների ոչ միանշանակ արձագանքը: «Ադրբեջանում աղքատները 2020 թվականին կմահանա՞ն»՝ հարց են բարձրացնում լրատվամիջոցները: