Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին սահմանադրական դատարան է ուղարկել այս տարվա օգոստոսին Երեւանում ստորագրված հայ-ռուսական պայմանագիրը, որով երկարաձգվում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Նա նշեց, որ ՍԴ նախագահը հանձնել է ՍԴ դատավորներից մեկին՝ ուսումնասիրելու պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Եթե պայմանագիրը հակասություն չունենա ՀՀ մայր օրենքի հետ, այն կուղարկվի ԱԺ՝ վավերացման:  Հովհաննես Պապիկյանը հայտնեց, որ դեռեւս հայտնի չէ ՍԴ նիստի նշանակման օրը: Ըստ ամենայնի՝ պայմանագրի սահմանադրականության հարցը կորոշվի հաջորդ տարի՝ 2011 թվականի հունվարին: