Ստամբուլում կազմակերպված Տնտեսական համագործակցության միության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 11-րդ գագաթաժողովի ընթացքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահն անդրադարձել է Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերին՝ նշելով, թե դրանք որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ Թուրքիա-Իրան հարաբերությունների վրա։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ղարաբաղյան խնդրի հետ կապված հարցին, Իրանի նախագահը պատասխանել է, թե իրենք հավատում են, որ բոլոր երկրների խնդիրներն էլ կարող են լուծվել երկխոսության եւ արդարության հիման վրա։
«Մեր եւ Ադրբեջանի հարաբերությունները եղբայրական են, որոնք հիմնված են պատմության վրա։ Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի ժողովրդի իրավունքը։ Մենք Հայաստանի հետ էլ լավ հարաբերությունների մեջ ենք»,-նշել է Ահմադինեժադը՝ հիշեցնելով, որ Ղարաբաղի խնդրում իրենք արդեն հայտնել են օգտակար լինելու իրենց պատրաստակամությունը։





























