Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը չի հավատում Ազգային ժողովի լուծարման մասին լուրերին:
«Սկսում եմ կասկածել, թե որտեղի՞ց են գալիս այդ խոսակցությունները: Կստանա՞ արդյոք իշխանությունն այն խորհրդարանը, որն այսօր ունի, եթե անցկացվեն արտահերթ ընտրություններ: Չեմ կարծում, որ դա կլինի, որովհետեւ դա մեծ շռայլություն է այսպիսի պայմաններում` թե՜ նյութական եւ թե՜ քաղաքական առումներով: Եվ հետո ընտրությունները որոշակիորեն սասանում են քաղաքական կայունությունը»,-դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանիդպմանն այս մասին ասաց ԱԺ պատգամավորը` հավելելով, որ թեեւ չի հավատում, այդ խոսակցություներին, սակայն դրանց գոյության համար որոշ միտումներ նկատում է:
Շահբազյանի խոսքով, Հայաստանում այնքան լճացած վիճակ է, որ հենց մի փոփոխություն է լինում, «մտածում ենք ճահիճը սկսում է պարզվել »:
«Այսպիսի փոփոխությունները բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես իրականացնում են: Պողոսին հանել եւ նրա փոխարեն Պետրոսին դնելը, եթե դա արդյունավետ պիտի դարձնի այդ համակարգի գործունեությունը, ողջունելի է, սակայն եթե դրանք չհանգեցնեն սկզբունքային լուծումների, չբերեն համակարգային փոփոխությունների, ոչինչ չի փոխվի»,-ամփոփել է Արտյուշա Շահբազյանը:





























