2010 թ. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը մնաց անփոփոխ՝ գազի գնի բարձրացման պարագայում։ NEWS.am-ը «Հայկական էլեկտրացանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկից հետաքրքրվեց՝ արդյո՞ք 2011 թ. հնարավոր կլինի պահպանել էլեկտրաէներգիայի սակագինը, եթե գազը կրկին թանկանա։ «Դա ինձ համար ամենաբարդ հարցն է, չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Ե. Գլադունչիկը։ Սակայն նա հավաստիացրեց, որ իրենց սակագնային մարժան (գնվող եւ վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը) չի փոխվի։

Ըստ Գլադունչիկի՝ անցնող տարում հաջողվեց պահպանել սակագինը էներգետիկայի նախարարության եւ հանրապետության ղեկավարության ջանքերի շնորհիվ, դրան նպաստեց նաեւ Երեւանի ՋԷԿ-ի գործարկումը, վատ չաշխատեց նաեւ Սեւան-Հրազդան կասկադը։ «Ամեն ինչ շատ գրագետ պլանավորված էր օպերատորի կողմից, որն էլ թույլ տվեց սակագինը չբարձրացնել»,- ասաց Ե. Գլադունչիկը։ Սակայն նաեւ ավելացրեց, որ գազի սակագինը էլեկտրաէներգիայի ինքնարժեքում հասնում է մոտ 70 տոկոսի։