Հայաստանում ինովացիոն գաղափարների բացահայտման մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են։ Հաղթող 3 թիմերին պետական բյուջեից հատկացվել է 500 հազ. դրամ (մոտ 1400 դոլար), որն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, փոխանցվել է նրանց հաշվեհամարներին։ Այս մասին  NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրի ղեկավար, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ստեղծում» ծրագրի համակագող Ժենյա Ազիզյանը։ Նրա խոսքով՝ մրցույթում հայտ են ներկայացրել 8 թիմեր, իսկ ընդհանուր ինովացիոն գաղափարների առաջարկների թիվը եղել է 9-ը։

Ժ. Ազիզյանի խոսքով՝ հաղթող են ճանաչվել մինչեւ 35 տարեկան  երիտասարդներից բաղկացած երեք թիմ։ Հաղթողներից «Պլատոն» թիմը ներկայացրել է iDent ատամնաբուժարանների համար նախատեսված ավտոմատացման համակարգը, որը իրենից ներկայացնում է հիվանդների եւ հաճախորդների էլեկտրոնային անկետավորում, բուժման մասին պատմության պահպանում, այցելությունների մասին նշումներ էլեկտրոնային կայքում եւ այլն։

Երկրորդ հաղթող թիմը՝ X-team-ն էր, որը ներկայացրել է Wish 2 real ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի կամ կազմակերպության՝ լայն հանրությանը տեղեկացնել իր կարիքների եւ ցանկությունների մասին։

Երրորդ հաղթանակածը՝ «Քարերի երկիր» հայկական ռազմավարական համակարգչային խաղի ծրագիրն է։ Այն ներկայացնում է հայոց պատմությունը։ Ծրագիրն ունի նաեւ պատմահայրենասիրական եւ կրթական նշանակություն։

Նշենք, որ մրցույթը անցկացնում են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը` համագործակցությամբ «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության եւ ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) հետё «Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակում։