«Խաբված խռովարարների մեծամասնությունը, որոնք կալանավորվել էին Իրանում վերջին անկարգությունների ժամանակ, գրավով ազատ են արձակվել, մինչդեռ անկարգությունների հիմնական մեղավորները դեռեւս կալանավորված են»: Այս մասին հայտարարել է  Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր Ալ Մահդին, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունները մեկնաբանելով՝ նա նշել է, որ ոչ մեծ թվով «խաբված տարրեր» են մասնակցել հասարակական կարգի խախտմանը եւ հանրային սեփականությանը վնաս հասցնելուն, ոստիկանությունն ամենասեղմ ժամկետում կարողացել է առանձնացնել «օրինական պահանջներով մարդկանց նրանցից, ովքեր անկարգությունները կազմակերպել են, եւ այնուհետեւ նրանց կալանավորել է, ինչը հանգեցրել է նրան, որ խռովությունն ավարտվել է»: «Կալանավորվածների թվում են  նրանք, ովքեր անարգել են Իրանի դրոշը, ինչպես նաեւ նրանք, ովքեր դարձել են 20 մարդու զոհվելու պատճառը»,- նշել է նա:

Դեկտեմբերի 28-ից Իրանի տարբեր քաղաքներում սկսված փողոցային բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 20 մարդ է զոհվել: Բողոքի պատճառը տնտեսական վիճակն էր, կոռուպցիան, բարձր գները եւ գործազրկությունը: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ բողոքներն առաջացել են երկրի ներքին խնդիրների պատճառով, ինչպես նաեւ հրահրվել են այլ երկրների կողմից: