Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաները երկրում տիրող տնտեսական վատ իրավճակի արդյունք են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Նա նշեց, որ երկրում տնտեսական այդ իրավիճակը գերտերությունների կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են, որոնք մի շարք նպատակներ են հետապնդում:
«Իրանի տնտեսական վիճակի հետ կապված են բողոքները, վերջերս պարզ դարձավ, որ բենզինը մեկ ու կես անգամ պետք է թանկանա, գործադիր իշխանությունը նման առաջարկությամբ էր հանդես եկել, որն էլ բողոքի ալիք բարձրացրեց: Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո վերջին շրջանում երկրի տնտեսական վիճակը կտրուկ վատացել է, որն էլ մտահոգություններ, դժգոհություններ է առաջացրել»,-ասաց նա:
Հայազգի պատգամավորի խոսքով, Եվրոպայի դրական տրամադրվածությանն հակառակ, ԱՄՆ-ն այդ սանկցիաները պահպանելու, շարունակելու լուրջ մտադրություններ ունի, ավելին՝ փորձում է դրանք ավելի սաստկացնել. «Այդ սանկցիաների վերացման ուղղությամբ արդեն քանի տարի բանակցային գործընթացներ են գնում Իրանի իշխանությունների կողմից, սակայն, այդ հարցը դեռ չի լուծվել: Սակայն, հույս ունեմ, որ սանկցիաների հարցը պետք է լուծվի. միջուկային բանակցությունների ընթացքում սանկցիաների հարցը աստիճանաբար պետք է վերանայվեր՝ կամ մեղմացվեր, կամ վերանար: Բայց դա չարվեց՝ պատճառը ԱՄՆ-ի քաղաքականությունն է՝ Թրամփի իշխանության օրոք: Փորձում է այդ ճնշումներով Իրանին քաղաքականություն պարտադրել, բայց Իրանն էլ այն երկիրը չէ, որ տրվի այդ ճնշումներին»:
Կարեն Խանլարյանի խոսքով, այս ճանապարհով փորձ է արվում նաեւ տարածաշրջանում Իրանի դերակատարությունը թուլացնել. «Նաեւ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Պակիստանը փորձում են Իրանի դերակատարությունը տարածաշրջանում թուլացնել, այդ պատճառով էլ սանկցիաները շարունակում են՝ Իրանին խեղճացնում են տնտեսական, առեւտրային ոլորտներում»:




























