2010թ. Հայաստանի համար ամենամեծ ձեռքբերումը դարձել է շարունակվող խաղաղությունը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

«Ինչ-որ մեկին այդ հայտարարությունը կարող է տարօրինակ թվալ, բայց նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, կհասկանան, թե ինչ եմ ասում: Այդ ձեռքբերումը մեծ ջանքերի գնով է եղել: Խաղաղությունն ապահովվել է մեր բանակի ամրապնդման, նոր սպառազինությունների ձեռքբերման, ճկուն արտաքին քաղաքականության, գործընկեր պետությունների եւ գերտերությունների հետ լավ հարաբերությունների շնորհիվ»,- նկատել է փոխնախագահը` ընդգծելով, որ այդ ամենի արդյունքը Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունված հայտարարությունն էր, որը բխում էր հայկական կողմի շահերից:

«Այդ ձեռքբերումները հնարավորություն տվեցին երկրի ղեկավարությանը վերջապես ուշադրություն դարձնել ներքին խնդիրներ, երկրում ամրացած բացասական` կոռուպցիայի, կաշառակերության, բյուջետային միջոցների ոչ արդյունավետ վատնման երեւույթներն արմատախիլ անելու վրա»,- ասել է Նիկոյանն ու ընդգծել, որ այդ երեւույթների դեմ պայքարի արդյունքներն արդեն շոշափելի կլինեն 2011թ.:

Փոխնախագահը շեշտել է, թե բացասական երեւույթները հետեւանք են պայքարի ուշացման, եւ կարեւոր է, որ երկրի ղեկավարությունը գիտակցում է այդ թերացումը: «Արդեն դրական է, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում ընդգծել էր, որ դրանց դեմ պայքարում հետխորհրդային որոշ երկրներ առաջ են անցել հայաստանից»,- նկատել է Նիկոյանը: