ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեհաստանի Կրակով քաղաքում հունվարի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախագահներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

Մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է, որ ԱԳ նախարարները եւ համանախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն ուղղված նախորդ գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու հետագա քայլերը:

«Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերամշակած հայեցակարգային փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով որքան հնարավոր է շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը:

Հանդիպումների ընթացքում կողմերը եւ համանախագահները մտքեր են փոխանակել ներկայացված աշխատանքային առաջարկություններում առկա հիմնական զգայուն հարցերի շուրջ: Համանախագահները նաեւ կոչ են արել վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել `որպես բանակցային գործընթացի կարեւոր ներդրում: Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է և համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը»:

Համանախագահները արտգործնախարարներին հայտնել են, որ ցանկություն ունեն քննարկելու հակամարտությունից տուժած տարածքներ գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը։

Համանախագահները  ծրագրում են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 18-ին, Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ էր արել ադրբեջանցի իր գործընկերոջը հետեւել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերն անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։

Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը

Եթե Բաքուն հետեւի համանախագահների կոչերին, հնարավոր կլինի հունի մեջ դնել կարգավորման գործընթացը. Նալբանդյան

Նալբանդյանը Ադրբեջանին կոչ է արել հետեւել հրադադարին. Ինչ են քննարկել հանդիպման ժամանակ