2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 690.2 մլրդ դրամ (մոտ 1,9 մլրդ դոլար), իսկ ծախսերը` 742.6 մլրդ դրամ (մոտ 2 մլրդ դոլար): Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.3%-ով: Եկամուտների աճի մ եջ առավել մեծ դեր են խաղացել պաշտոնական դրամաշնորհները (աճը՝ 82,9 տոկոս), այնինչ հարկային եկամուտներն աճել են 13,6 տոկոսով։
Պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 17 մլրդ դրամ (մոտ 47 մլն դոլար)։
2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.3%-ով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման, դրամաշնորհների և ընթացիկ նորոգման ու պահպանման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաեւ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 52.4 մլրդ դրամ (մոտ 145 մլն դոլար) պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված 128 մլրդ դրամի (մոտ 355 մլն դոլար) եւ 2009 թվականի նույն ժամանակահատվածի 114.9 մլրդ դրամ (մոտ 320 մլն դոլար) փաստացի ցուցանիշի դիմաց:




























