ԼՂ խնդրի կարգավորման հարցում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարեւորագույն տեղ զբաղեցնող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
«Հարգելի՛ գործընկերներ,
Մենք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության մեր բաժինը երբեք չենք փորձել դնել ուրիշի ուսերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում: Իհարկե, մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետեւողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք:
Միաժամանակ, որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, եւ Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- նշել է Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանը արտգործնախարարության ղեկավար կազմի ուշադրությունն է հրավիրել նաեւ ընթացիկ տարում տեղի ունենալիք կարեւոր իրադարձությունների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների, Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների եւ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումի վրա՝ ընդգծելով, որ պետք է կարողանալ արժանապատվորեն նշել ինչպես առաջին հանրապետության 100-ամյակը, այնպես էլ Երեւանի հիմնադրման 2800-ամյակը, այնպես էլ գլոբալ ֆորումը, բայց Ֆրանկոֆոնիան, Նախագահի համոզմամբ, իր ընդգրկվածության եւ մասշտաբի տեսակետից շատ կարեւոր է, եւ Հայաստանը, իրոք, քննություն հանձնելու ճանապարհին է: Հանրապետության նախագահը այդ միջոցառման պատշաճ անցկացումը պատասխանատուներից յուրաքանչյուրի պատվի խնդիրն է համարել:
Հանդիպման ավարտին նախագահը նշել է, որ գուցե իր այսօրվա խոսքը խիստ էր, սակայն դրա նպատակը բնավ արտգործնախարարության աշխատանքը թերագնահատելը չէր՝ քննադատությունը միտված է աշխատանքը բարելավելուն, այն ավելի արդյունավետ դարձնելուն, որի պտուղները պետք է վայելեն բոլորը եւ հատկապես՝ գալիք սերունդները:
«Ուզում եմ, վստահ լինեք, որ ձեր գործը, իրոք, գնահատված է: Միայն այն հանգամանքը, որ մենք բոլորս ձեզ համարում ենք մեր երկրի անվտանգության առաջնագծի մարտիկներ գոնե քաղաքական առումով, զինվորներ ու սպաներ, ես կարծում եմ, որ դա ամենամեծ գնահատականն է: Եվ քանի որ, իրոք, համոզված եմ, որ դիվանագետն իրեն պետք է համարի այդպիսին, ուրեմն, ակնկալիքներն էլ մեծ են, եթե կարելի է այստեղ այս արտահայտությունն օգտագործել՝ առավելապաշտական են ակնկալիքները: Եվ ուզում եմ, որպեսզի դուք, գիտակցելով խնդիրների լրջությունը, մի փոքր ավելի թափ հաղորդեք ձեր աշխատանքին»,- ասել է Հանրապետության նախագահը:
Հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը պատասխանել է նաեւ ԱԳՆ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին:




























