Մանկական փորձագետները եւ իրավապաշտպանները Facebook-ին կոչ են անում անջատել երեխաների համար նախատեսված իր նոր հավելվածը, փոխանցում է AP-ն:
100 փորձագետներ, փաստաբաններ եւ երեխաների դաստիարակության կազմակերպություններ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին նամակ են ուղարկել՝ պնդելով, որ մինչեւ 13 տարեկան երեխաները պատրաստ չեն սոցցանցում էջ ունենալ, կողմնորոշվել օնլայն հարաբերություններում եւ իրենց գաղտնիությունը պահպանել:
Անցյալ տարվա դեկտեմբերին Facebook-ը գործարկել էր անվճար Messenger Kids հավելվածը՝ այն ներկայացնելով որպես ընտանիքի անդամների հետ երեխաների շփման միջոց, որին հավանություն են տվել ծնողները: Երեխաներն առանձին էջ չեն ստանում: Հավելվածն ավելի շուտ ծնողների հաշվի ընդարձակումն է, եւ նրանք կարող են վերահսկել, թե իրենց երեխաներն ում հետ են շփվում:
Սակայն նշված փորձագետները, որոնց թվում նաեւ հոգեբույժները, մանկաբույժները, մանկվարժները եւ մանկական երգերի կատարող Րաֆֆի Քավուքյանը կարծում են, որ համացանցը փոքր երեխաների տեղը չէ: «Messenger Kids-ը չի համապատասխանում կարիքներին, այն դրանք ստեղծում է»,- նշված է նամակում:




























