Ազգային վիճակագրական ծառայության երեկ՝ դեկտեմբերի 30-ին հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-նոյեմբերին ձվի արտադրությունը ավելացել է 16,3 տոկոսով՝ արտադրվել է 700 մլն հատ ձու։

ԱՎԾ-ի այս հրապարակումը հերքում է հանրապետությունում ձվի դեֆիցիտի մասին կանխավարկածը։ Ըստ այդ հրապարակման՝ ստացվում է, որ բնակչության մեկ շնչի հաշվով հանրապետությունում ամսական արտադրվում է 18-19 հատ ձու։ ԱՎԾ-ն իր մեկ այլ հրապարակման մեջ՝ «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2010», նշել է, որ գոնե 2009 թ. դրությամբ Հայաստանում 1 բնակչի հաշվով սպառվել է ամսական 10,5 հատ ձու։ Ընդ որում՝ 2004 թ. համեմատ ձվի սպառումն ավելացել է մոտ 20 տոկոսով։

Անգամ եթե հիմք ընդունենք, որ 2010 թ. հանրապետությունում ձվի սպառումը 1,5 անգամ ավելացել է, ինչի մասին նշում են որոշ փորձագետներ, ապա միեւնույն է՝ մենք ունենք գերարտադրություն։ Եթե իհարկե՝ ԱՎԾ տվյալները օբյեկտիվ են։