Կանադայի Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնյաներն անբարեխիղճ վերաբերմունքով սառցե քանդակների մրցույթից դուրս են թողել հայ քանդակագործի: Այդ մասին կանադական Calgary Sun պարբերականին պատմել է քանդակագործի եղբայր Վահե Թոքմաջյանը, որը պատասխանատու է նրա այցի համար Կանադա: Վահե Թոքմաջյանի խոսքով, իր եղբորը` Հայկին տրվել է Կանադայի մուտքի վիզա` հաջորդ ամիս Էդմոնտոնում եւ Լեյք Լուիզայում կայանալիք սառցե քանդակների մրցույթին մասնակցելու համար:
Սակայն Թոքմաջյանը ցնցվել է, երբ իմացել է, որ քրոջը` Արմինեին վիզա չեն տրամադրել` պատճառաբանելով, թե նա հնարավոր է չվերադառնա Հայաստան:
«Մենք չափազանց հիասթափված ենք: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ է անում վիզա տրամադրող ծառայությունը: Դա ուղղակի ծիծաղելի է»,- թերթին ասել է Կանադայի քաղաքացի Վահե Թոքմաջյանը: Նրա եղբայր Հայկը Կանադա է այցելել 2002-ին` քանդակ անելու համար եւ վերադարձել է Հայաստան:
Արմինեն ունի լավ աշխատանք, երեխաներ, ծեր ծնողներ. այդ պատճառով նրան անհրաժեշտ է վերադառնալ Հայաստան: «Նրա հայտադիմումում ամեն ինչ կարգին էր»,- ասել է նա:
Վահե Թոքմաջյանը, որը վերջին տարիներին Կանադան ներկայացրել է Չինաստանում եւ Արգենտինայում կայացած քանդակագործության սիմպոզիումներում համարում է, որ պաշտոնական Օտտավան քամահրական վերաբերմունք է ցուցաբերում:
Միգրացիոն ծառայության չինովնիկները չեն մեկնաբանել այդ գործը, սակայն նախկինում նրանք միշտ նշել են, որ Թոքմաջյանի նման քաղաքացիները կարող են որոշումը բողոքարկել Կանադայի Դաշնային դատարանում եւ դարձյալ դիմել:





























