Եթե միջազգային շուկայում շաքարավազի գները էժանացել են 39,4 տոկոսով, Հայաստանում էժանացել են 6,2 տոկոսով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց օրինագիծը ներկայացնող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այս խնդրի կապակցությամբ ես հույս ունեմ, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ելույթ կունենա եւ կփարատի մեր բոլորի այն կասկածները, որ գործ ունենք ընտրակաշառքները հետ հավաքելու գործընթացի հետ»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք այս օրինագծով առաջարկում են վերադառնալ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին եղած ստատուս քվոյին, այսինքն այդ ժամանակ գործող ակցիզային հարկի դրույչաչափերին:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ի տնտեսագիտական վարչության բաժինը շատ հետաքրքիր եզրակացություն է տվել այս երեւույթի վերաբերյալ. «Նշվել է, որ եթե ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով գներն աճել են, դա չի նշանակում, որ եթե ակցիզային հարկը նվազեցնենք, գները կնվազեն նույն չափով: Որովհետեւ գները շատ արագ արձագանքում են դրանց աճին նպաստող գործոններին եւ գրեթե չեն արձագանքում նվազեցմանը նպաստող գործոններին: Սրա մասին բազմիցս խոսվել է, որ եթե գների աճի չնչին բարձրացման ազդակ կա, դա եռակի ու քառակի ազդում է գների վրա, իսկ հետո ինչքան էլ գներն ընկնեն, հետ պրոցեսը տեղի չի ունենում, կամ լինում է միայն խորհրդանշական ձեւով»:
Որպես գնաճի վրա ազդող պատճառներ Փաշինյանը նշեց երեքը՝ միջազգային շուկայում գների վայրիվերումներ, գնաճային սպասումներ եւ հետընտրական ընտրակաշառքների վերադարձ: «ՀՀ-ում տեղի է ունեցել գնաճի շղթայական ռեակցիա: Ըստ էության տեղի է ունեցել լայն սպառման ապրանքների սարսափելի գնաճ»,-ընդգծեց նա:
Նշենք, որ Հարկային օրենսգրքի այս փոփոխություններով առաջարկվում է վերդառնալ վառելիքի վրա ակցիզային հարկի մինչեւ հունվարի 1-ը գործող դրույքաչափերին: Նաեւ առաջարկվում է 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը (2018-ի հունվարի 1) կիրառված դրույքաչափին:
Որքա՞ն է իրականում կազմել գնաճը. Փաշինյանի ուսումնասիրությունը հետաքրքիր փաստեր է պարզել











