Մոտակա երեք ամիսներին սպասվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելություն կատարի Բաքու, հաղորդում է ANS-ը: Նա ռազմավարական համագործակցության խորհրդում կգլխավորի Թուրքիայի կառավարության պատվիրակությունը:

Դեռեւս հստակ չէ այդ Խորհրդի անցկացման ամսաթիվը, որը նախագահելու են Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այդ նպատակով մոտ ժամանակներս Անկարայում նախատեսվում է  երկկողմ աշխատանքային խմբերի նիստեր անցկացնել:

Հիշեցնենք, որ Ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման մասին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 2010-ի սեպտեմբերի 15-ին Ստամբուլում: Այն ստորագրել են Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս խորհուրդը ստեղծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ էլ ավելի սերտ ինտեգրման նպատակով: Այն կորոշի քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ, մշակութային եւ հումանիտար ոլորտներում միասնական ռազմավարությունը, նաեւ կմշակի համատեղ ծրագրեր այդ ոլորտներում:

Ռազմավարական համագործակցության Խորհդրի նիստերը կանցկացվեն ամեն տարի, երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորությամբ: