Լիտվան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում դժվար թե հեղափոխություն առաջացնի ձգձգված հակամարտությունների լուծման գործում, բայց աշխատելու է բոլոր ուղղություններով, որպեսզի դրական արդյունքների հասնի: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահի` հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չյակուոլիսը:
«Կասկածում եմ, որ մեր մոտ հեղափոխություն կստացվի, քանի որ ԵԱՀԿ-ն կազմակերպություն է, որտեղ առաջընթացը չափվում է միլիմետրերով: Սակայն ամեն մի միլիմետրը ոսկու գին ունի»,- ասել է նա:
Չյակուոլիսի խոսքով, առանցքային ձգձգված հակամարտություններից են Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում եւ Մոլդովայում առկա հակամարտությունները, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի: Լիտվան ձգտելու է օգտագործել այդ հանգամանքը:





























