«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր՝ մարտի 1-ին բողոքի ակցիա եւ երթ է կազմակերպել: NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ կուսակցության անդամներն այժմ շարժվում են դեպի Մյասնիկյան հրապարակ: Երթի մասնակիցներն ընթանում են «Մարտի 1-ի սպանությունները բռնակալությանը չենք ներելու», «Ազատություն ծռերին» եւ այլ կարգախոսներով պաստառներով:

«Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ մարտին եւ ապրիլին համազգային ընդվզման միջոցառումներ են անցկացնելու, եւ քաղաքացիներին կոչ արել միանալ իրենց պայքարին: Իսկ այն սկսելու են Գյումրիից եւ Վանաձորից:

Մինչ երթի մեկնարկը՝ ակցիայի մասնակիցները հավաքվել էին ԱԱԾ-ի շենքի առջեւ: Այստեղ էլ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ մարտի 1-ը ոչ միայն գարնան առաջին օրն է, այլեւ բռնաճնշումների մասին ահազանգման օր, քանի որ 10 տարի առաջ Երեւանի փողոցներում անմեղ մարդիկ գնդակահարվեցին: Ըստ նրա՝ ավելի քան 25 տարի անկախ պետականության ճանապարհին ենք, բայց «ԿԳԲ-ի պադվալներում» շարունակվում են քաղաքական հայացքների համար մարդիկ պահվել, «որոնց թվում է մեր ազգային հերոս Սամվել Բաբայանը»:

Հավելենք, որ բողոքի ակցիան եւ երթը փոքրաթիվ ոստիկաններ են հսկում: