Փետրվարի 15-ն՝ 22։20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել մի տաքսու վարորդ ու հայտնել, որ Երեւանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։

Ճանապարհին պատվիրատուն վարորդին սուրճ է հյուրասիրել։ Խմելուց հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է, եւ Հրազդան չհասած՝ տաքսու վարորդը մեքենան վստահել է պատվիրատուին, որ նա վարի։

Փոքր-ինչ լավ զգալուց հետո վարորդը նկատել է, որ Երեւանում է՝ Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Նկատել է նաեւ, որ պատվիրատուն ձեռքը մտցրել է իր գրպանը՝ փող հափշտակելու, փորձել է կանխել:

«Ես ձեռքս դրեցի նրա ձեռքին, ասացի՝ ինչ եք անում: Ինքն էլ ասաց՝ ձեռքդ քաշի, ուզում ես չոլերում վիզդ կտրեմ, ստեղ մնա՞ս, մորթե՞մ»,-պատմել է վարորդը:

Պատվիրատուն նրա կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալով՝ հափշտակել է 80 հազար դրամ, բջջային հեռախոսներ ու փախել։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Փետրվարի 23-ին հայտնաբերվեց եւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեց 40-ամյա Ավետիս Շառոյանը։ Նա նախկինում մի քանի անգամ դատապարտվել է, այդ թվում ավազակային հարձակման մեղադրանքով:

Պարզվել է, որ նա է տաքսու վարորդին հյուրասիրած սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ գցել։ Շառոյանի խոսքով՝ նույն եղանակով 40-ից ավելի հափշտակություն է կատարել։

«Տաքսու վարորդներին քնացրել եմ, գումարներ եմ տարել, հեռախոսները, ոսկեղենը»,-արդեն ոստիկանությունում պատմել է Շառոյանը: Նա չի հիշում, թե քանի նման դեպք է եղել. «Մոտ 40 անգամ, երեւի ավել շատ արել եմ»: