Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը», որն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը: Ծրագրի էլեկտրոնային տարբերակն առաքվել էր  Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող բոլոր միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններին` քննարկելու եւ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումներ են կազմակերպվել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում,  ՀՀ ԱԺ  «Ժառանգություն» խմբակցությունում, ՀՀ Հանրային խորհրդում, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից կոլեգիայի նիստում, ինչպես նաեւ ուսանողական տարբեր միավորումներում:

«Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը» հրապարակվել էր «Կրթություն» շաբաթաթերթի դեկտեմբերի 1-ի  համարում եւ տեղադրվել`  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքէջում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացել էր 108 առաջարկություն, որոնք ամփոփվել եւ ներառվել են ծրագրում: