«Հայերն այլոց բրենդների կարիքը չունեն, մեզ մերն էլ հերիք է, որոնք բավական ճանաչված են միջազգային շուկաներում եւ չեն զիջում վրացականներին»,-այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ մեկնաբանելով վրացական կողմի այն հայտարարությունները, թե հայ գործարարները վրացական բրենդները ներկայացնում են վրացականի անվան տակ:

«Վրացի գործարարներն իրենք են շահագրգռված, որ մեր միջոցով դուրս գան ռուսական շուկա, իսկ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է բանակցություններ սկսել Վրաստանի մեր գործընկերների հետ»,- նկատել է Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե արժանի պատասխան չտրվի, իրավիճակը կարող է բարդանալ: Սաֆարյանի կարծիքով, պետք է տեղեկացնել ռուսական կողմին, որ հետագայում բարդություններ չլինեն հայկական ապրանքների մուտքի հետ կապված:

« Մենք պետք է պայքարենք մեր բրենդների համար, այլ ոչ թե ուրիշինը ներկայացնենք որպես մերը: Դա ընդհանրապես անթույլատրելի է, քանի որ կան մտավոր սեփականության եւ այլ հարցեր: Պետք է նաեւ թույլ չտանք, որ մեր բրենդները ներկայացվեն այլ ձեռնարկատերերի կողմից»,- ամփոփել է Սաֆարյանը: