Այսօր՝ հունվարի 11-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Փոլ Անրի Ֆորեսթերին եւ քննարկել Բանկի ֆինանսավորմամբ Երեւանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու դրանց շարունակականությունը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Փոլ Անրի Ֆորեսթերը քաղաքապետին է ներկայացրել Երեւանի մետրոպոլիտենի անվտանգության ապահովման ծրագիրը, որով  նախատեսվում է առաջնային կապիտալ ներդրումներ կատարել Երեւանի մետրոպոլիտենի արդիականացման նպատակով:

Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, որոնցից առաջինն արդեն ընթացքի մեջ է: Կողմերը պայմանավորվել են 2011թ.-ին սկսել նաեւ երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Նշենք, որ ծրագրի համաձայն կնորացվի մետրոպոլիտենի շարժակազմը, կբարելավվեն ռելսային ուղիները, կվերազինվի էներգամատակարարման համակարգը, կփոխվեն պոմպերը, բացի այդ, նախատեսվում է ներդնել տեխնիկական սպասարկման միջոցներ եւ կառուցել դրենաժային համակարգ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ավտոկայանատեղիների վերաբերյալ քաղաքականության մշակման եւ Նուբարաշենի աղբավայրի թափոնակուտակման կառավարման ծրագրի հետ կապված հարցեր: Առաջիկայում ՎԶԵԲ-ը այս երկու ծրագրերի շուրջ կոնկրետ առաջարկություններ կներկայացնի Երեւանի քաղաքապետին: Կարեն Կարապետյանը նշել է, որ լուրջ ուշադրություն պետք է դարձվի պետություն-մասնավոր սեփականություն համագործակցությանը: «Մայրաքաղաքում գործարարների եւ ներդրող օպերատորների համար պետք է ստեղծվի բարենպաստ ներդրումային դաշտ: Երեւանը պետք է դառնա բիզնեսի համար գրավիչ մայրաքաղաք»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետը: