Ուկրաինայում այսօր շուրջ 350 հազար հայ է ապրում, ովքեր լուրջ ներդրում ունեն երկրի ոչ միայն տնտեսական այլեւ քաղաքական կյանքում: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Ուխտան:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի եւ ուկրաինական քաղաքների միջեւ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր: Երեւանի քաղաքապետը նշել է, որ երկու պետությունների քաղաքների` մասնավորապես  Երեւանի  եւ Կիեւի, Օդեսայի  միջեւ գործնական կապերի հաստատման պայմանագրեր կան կնքված եւ, հաշվի առնելով առկա համագործակցության ներուժը, պետք է առաջիկայում էլ ավելի զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը երկու պետությունների քաղաքների միջեւ:

Ըստ դեսպանի երկու երկրների քաղաքների միջեւ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է: Ուկրաինայի դեսպանը Երեւանի քաղաքապետին է ներկայացրել ուկրաինական «Բոգդան» ընկերության նոր արտադրանքի նմուշները, նշելով, որ ընկերությունը  Երեւանի քաղաքապետի հետ հանդիպման ցանկություն է հայտնել` քննարկելու իրենց արտադրած  ավտոբուսներն ու տրոլեյբուսները  Երեւանին տրամադրելու հետ կապված հարցեր:

Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանն առաջիկայում նախատեսում է տրանսպորտի կառավարման նոր մոդելի մշակման ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնել եւ պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին եւ նախաձեռնություններին: