Թուրքիայի վարչապետի արձագանքից հետո Գերմանիայի կանցլերի հայտարարությանն է անդրադարձել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ կոչ անելով Մերկելին՝ հանդես գալ օբյեկտիվ դիրքորոշմամբ։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, թե Թուրքիան միշտ ցանկացել է, որ Գերմանիան Կիպրոսի խնդրում ակտիվ դերակատարություն ստանձնի։ «Միշտ մտածել ենք, որ Գերմանիան այս խնդրում դրական ազդեցություն կունենա, սակայն տիկին Մերկելի հայտարարությունը մեզ մոտ կասկածների առիթ տվեց»,-շեշտել է Դավութօղլուն:
Ըստ Թուրքիայի ԱԳ ղեկավարի՝ եթե Մերկելը Կիպրոսի հարցում խաղաղությանն ուղղված ջանքեր գործադրի, Թուրքիան դրան միշտ կաջակցի։ «Սակայն Գերմանիան նախ պետք է կողմերի միջեւ օբյեկտիվ դիրքորոշում ցուցաբերի»,-ասել է Դավութօղլուն։
Նշենք, որ Կիպրոս կատարած այցի ընթացքում Անգելա Մերկելը քննադատության էր ենթարկել Թուրքիային՝ այդ երկրին մեղադրելով Կիպրոսի խնդրի կարգավորման հարցում հիմնական արգելք հանդիսանալու մեջ:





























