Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիայից հետո «Սկրիպալի գործի» կապակցությամբ եւս 23 պետություն է հայտարարել ռուս դիվանագետների արտաքսման մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշում կայացրել է Եվրամիության 16 երկիր, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ալբանիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Ուկրաինան եւ Ավստրալիան:
Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի իշխանությունները որոշել են արտաքսել չորսական դիվանագետի, Դանիան եւ Իսպանիան՝ երկուական։ Շվեդիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Խորվաթիան եւ Ռումինիան հայտարարել են, թե մեկական դիվանագետի կարտաքսեն։ Չեխիան արտաքսում է ՌԴ երեք դիվանագետների։
Իր հերթին Լիտվան նշել է, թե արտաքսելու է երեք դիվանագետների։ Արտաքսումների մասին հայտարարել են նաեւ Լատվիան եւ Էստոնիան։
Այսպես, ԵՄ պետությունների տարածքից արտաքսվում է 33 ռուս դիվանագետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել 60 ռուս դիվանագետի արտաքսման մասին: Ընդ որում, ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Հիզեր Նոյերտը ընդգծել է, որ 12 մարդ ռուսական հետախուզության աշխատակիցներ են: Կանադան եւս հայտնել է 4 ռուս դիվանագետի արտաքսման մասին: 2 ռուս դիվանագետի հեռացման մասին հայտնել է Ալբանիայի ԱԳՆ-ն, մեկի մասին՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը եւ 1 դիվանագետի մասին` Մակեդոնիայի ԱԳՆ-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է 13 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Վերջին երկիրը, ով այս պահին հայտարարել է ռուս դիվանագետների արտաքսման մասին, Ավստրալիան է: Ավելի վաղ բրիտանական իշխանությունները, մեղադրելով Ռուսաստանին Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար, Մեծ Բրիտանիայից 23 ռուս դիվանագետ էր արտաքսել: Այդպես, օտարերկրյա պետությունները հայտարարել են ընդհանուր առմամբ 139 ռուս դիվանագետի արտաքսման մասին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է Դաշինքում ՌԴ առաքելության 7 դիվանագետների արտաքսման, նաեւ առաքելությունը մինչեւ 20 մարդու հասցնելու մասին։











