Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին քննադատել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին Թեհրանի հետ 10-15 տարի հետո հնարավոր ռազմական հակամարտության մասին հայտարարության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ կայքը:

«Այս՝ փորձառություն չունեցող նորելուկը, որը ցանկալին իրականի տեղ է ընդունում եւ պատերազմի մասին երազում, կա՛մ չգիտի պատերազմն ինչ բան է, կա՛մ պատմությունը չի ուսումնասիրել, կա՛մ, ցավոք, չի խորհրդակցել է իմաստուն մեկի հետ»,- ասել է Ղասեմին: Գահաժառանգ արքայազնի խոսքը որակվել է նաեւ «հանդուգն եւ անհեթեթ»:

Ավլի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը Wall Street Journal պարբերականի հետ հարցազրույցում նախազգուշացրել էր 10-15 տարի հետո Իրանի հետ ռազմական հակամարտության հնարավորության մասին՝ միջազգային հանրությանը կոչ անելով Թեհրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել՝ տարածաշրջանում ռազմական դիմակայությունից խուսափելու համար:

Ներկայումս Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են: Դրանից զատ, Էր Ռիադը բազմիցս Թեհրանին մեղադրել է Եմենի ապստամբներին ապօրինի սպառազինության, այդ թվում հրթիռների մատակարարման մեջ, ինչը Իրանի իշխանությունները կտրականապես հերքում են:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը չի բացառում Իրանի հետ պատերազմը