Մոսկվայի Տրոեկուրովսկյան գերեզմանոցում հուղարկավորել են ՄՄՄ-ի հիմնադիր Սերգեյ Մավրոդիին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Թաղման արարողությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով, տարածքը շրջապատված է եղել եւ հսկվել է, հաղորդում է հեռուստաալիքը:

Այն, որ թաղումը տեղի կունենա փակ ռեժիմով, մարտի 30-ին ասել էր «ՄՄՄ-Մոսկվա»-ի ղեկավար Սերգեյ Սերյոգինը: Նա նշել էր, որ մասնակցելու է Մավրոդիի ծանոթների եւ մտերիմների միայն նեղ շրջանակը:

ՄՄՄ-ի հիմնադրի նախկին փաստաբան Ալեքսանդր Մոլոխովը հայտարարել էր, որ Մավրոդիի եղբայրը հրաժարվել է նրան թաղել ընտանեկան գերեզմանոցում, որտեղ թաղված են մայրը եւ հայրը:

Մոլոխովը նշում էր, որ Մավրոդիի եւ եղբոր հարաբերությունները «լարված էին», նրանք վիճել էին 90-ականների կեսերին այս կամ այն բուրգի զարգացման հեռանկարների պատճառով:

Մավրոդին մահացել է մարտի 26-ին Մոսկվայում, 62 տարեկանում: ՄՄՄ միությունը նա ստեղծել էր 1990-ականներին, այն ֆինանսական բուրգի սկզբունքով ներգրավում էր ներդորղների գումարները: 2007-ին նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման առանձանպես խոշոր չափի  խարդախությունների համար: