Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կապ չի հաստատել Իսրայելի իշխանությունների հետ՝ Սիրիայում ավիաբազայի վրա հարվածի հետ կապված: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը 

«Պուտինը իսրայելցի գործընկերների հետ շփումներ չի ունեցել»,- ասել է նա:

Ըստ որում՝ Պեսկովը նշել է, որ Իսրայելի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ սիրիական T-4 օդանավակայանին իսրայելական F-15 օդանավերով հարվածելու թեմայով շփումներն իրականացվում են համապատասխան խողովակներով:

«Անկասկած, սա մեզ համար մտահոգվելու առիթ է: Իսրայելական կողմի հետ շփումներ են կատարվում համապատասխան խողովակներով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկրի ղեկավարը ծրագրել է կապ հաստատել Իսրայելի ղեկավարության հետ՝ հաշվի առնելով, որ որոշ տեղեկություններով՝ նշված բազայում են եղել ռուսաստանյան խորհրդականներ եւ կարող էին տուժել:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղական ժամանակով 3:25-ից 3:53 ժամանակահատվածում Իսրայելի ՌՕՈՒ երկու F-15 օդանավ, Սիրիայի օդային տարածք չմտնելով, Լիբանանի տարածքից 8 հրթիռներով հարված է հասցրել Т-4 օդանավակայանին: Սիրիայի ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները հակաօդային մարտի ժամանակ ոչնչացրել են 5 կառավարվող հրթիռ:

Հետագայում իրազեկված աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: ՍԱՆԱ գործակալությունն, իր հերթին, հայտնել է հարձակման հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին:

Պենտագոնից հայտարարել են, որ ԱՄՆ-ն կապ չունի Т-4-ի վրա հրթիռային հարվածի հետ: