Ոստիկանությունը հայտարարություն է տարածել կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության անդամների կողմից Հանրային ռաիդոյի շենք մտնելու վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը հանդիսանում է պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ եւ գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո:

Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող դուռը կոտրելու եղանակով:

Ոստիկանության ծառայողը պահանջել է Ն. Փաշինյանից հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից, սակայն հավաքի կազմակերպիչը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին եւ չի ապահովել հավաքի բնականոն ընթացքը ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականության կատարումը:

Ն. Փաշինյանը, պահելով շենքը, պահանջ է ներկայացրել տրամադրելու ուղիղ եթեր, որպիսի գործողությունը առերեւույթ պարունակում է իրավախախտման հատկանիշներ եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է առաջացնել ընդհուպ քրեական պատասխանատվություն:

Շենքում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը, գտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ունեցել է բոլոր հիմքերը ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպչին եւ հավաքի մասնակիցներին անհապաղ ազատել «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենքը, ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսեւորելուց: