«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի երթը Երեւանի փողոցներով շարունակվում է: Անցնելով «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող թունելով, ցուցարարները ֆայերներ վառեցին եւ թունելրը լցվեց ծխով (ֆոտոռեպորտաժ):

Այնուհետեւ հասնելով «Կրկեսի» շենքին, նրանք շուրջ 10 րոպեով փակեցին խաչմերուկը՝ խաթարելով երթեւեկությունը:

Երթի մասնակիցների թիվը գնալով աճում է: Նրանք շարժեցին դեպի Երեւանի քաղաքապետարանի շենք, որտեղ սկսեցին վանկարկել «Տարոն, հեռացիր»:

Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով անընդհատ կոչ է անում քաղաքացիներին ժամը 18.30-ին մասնակցել Ֆրանսիայի հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակը երեկվանից փակ է. հանրահավաքը նախօրեին Ազատության հրապարակից տեղափոխվել էր այստեղ: Ֆրանսիայի հրապարակը այժմ էլ բոլոր կողմերից շարունակում է շրջապատած մնալ նստարաններով: Ցուցարարները վրաններ են տեղադրել գիշերելու համար, նաեւ վառարան են բերել, թեյնիկ, սնունդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: