Այս պահի դրությամբ դեռեւս հայտնի չէ, թե ով է լինելու Լիբանանի նոր վարչապետի ամենահավանական թեկնածուն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Հակոբ Բագրատունին։ Նա նշեց, որ Լիբանանի խորհրդարանում առաջիկա երկուշաբթի եւ երեքշաբթի տեղի են ունենալու պարտադիր խորհրդակցություններ՝ ճշտելու երկրի նոր վարչապետի անունը։ Խոհրդակցություններին հրավիրվելու են նաեւ պետական երեսփոխանները:«Բանակցություններ են ընթանում ներքին ճակատում։ Իշխանամետ տարրերը, բնական է, որ պետք է առաջադրեն նախկին վարչապետ Սաադ Հրիրիի անունը։ Իսկ ընդդիմությունը տակավին ժողովներ ու հանդիպումներ է անցկացնում վարչապետի թեկնածու առաջադրելու ուղղությամբ։ Ընդդիմությունը 48 ժամ ունի այդ անունը որոշելու եւ նախագահին ներկայացնելու համար»,- նշեց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ Լիբանանի Սահմանադրությունը որեւէ սահմանափակում չունի, թե ինչ ժամկետում պետք է ձեւավորվի նոր կառավարությունը. այն կարող է ձեւավորվել անմիջապես կամ այնքան ժամանակ, քանի դեռ քնարկումենրը չեն ավարտվել եւ վերջնական որոշում չի կայացվել նոր վարչապետի թեկնածության շուրջ։
NEWS.am-ի զրուցակիցը հայտարարեց, թե անհիմն են մտահոգությունները, թե կառավարության հրաժարականի հետեւանքով կարող են հասարակական պոռթկումներ առաջանալ ու իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից։ «Մթնոլորտը շատ հանդարտ է եւ այդպես էլ կշարունակի մնալ, քանի որ ո՜չ ընդիմությունը, ո՜չ էլ իշխանամետ տարրերը հակված չեն հարցերը ուժի կամ դիմադրության միջոցով լուծել»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը։
Նկատենք, որ կառավարության հրաժարականի ընթացքում վարչապետ Սաադ Հարիրին բացակայել է Լիբանանից՝ գտնվելով արտասահմանում։ Նա ԱՄՆ-ում էր, այնուհետ՝ Թուրքիայում, որտեղ հանդիպել է այդ երկրի վարչապետ Էրդողանին։ Հարիրին նոր է վերադարձել Լիբանան։
Հարցին, թե ինչպե՞ս է Հարիրին արձագանքել կառավարության հրաժարականի փաստին, Հակոբ Բագրատունին պատասխանեց. «Իր կողմից որեւէ հայտարարություն չի եղել կառավարության հրաժարականի վերաբերյալ, սակայն իշխանամետ տարրերը՝ «Մարտի 14-ի» դաշինքի ներկայացուցիչները, տեղի ունեցածը գնահատել են որպես ժողովրդավարական ակտ»: Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ նոր վարչապետի ընտրության հարցը բավական դժվարություն է հարուցում, քանի որ խորհրդարանական ուժերը գրեթե համահավասար ներկայություն ունեն խորհրդարանում։ «Վճռորոշ է լինելու «Ընկերավար առաջադիմական կուսակցության» դիրքորոշումը, որի խորհրդարանական բլոկը կարող է կշեռքի նժարը այս կամ այն կողմ տանել եւ որոշիչ դեր խաղալ վարչապետի անվան հարցում»,-նշեց Բագրատունին։
Նա նաեւ հավելեց, որ Լիբանանի խորհրդարանի հայազգի 6 պատգամավորները, որոնք ներկայացված են խորհրդարանի ընդդիմադիր եւ իշխանական ճակատներում, դեռեւս չեն կողմնորոշվել, թե ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու որպես վարչապետ։ Նախորդ կառավարության ձեւավորման ժամանակ դաշնակցական պատգամավորները առաջադրել էին հենց Հարիրիի թեկնածությունը։ «Գնահատելով հանդերձ Հարիրիի անձն ու մեր բարեկամությունը նրա հետ, մենք տակավին վերջնական հանգրվանի չենք հասել վարչապետի նոր թեկնածուի անձի շուրջ»,- նշեց դաշնակցական պատգամավորը:
Հիշեցնենք, որ Լիբանանի կառավարությունը հունվարի 12-ի երեկոյան հրաժարական է ներկայացրել։ Հրաժարական ներկայացրած 11 նախարարների թվում է նաեւ ՀՅԴ անդամ Աբրահամ Դեդեյանը, ով 2009 թվականի նոյեմբերից զբաղեցնում էր երկրի արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հըզբոլլահ» շարժումն իր դաշնակիցների հետ լքել է կառավարությունը` բողոքելով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող Միջազգային դատարանի գործունեությունը քաղաքականացնելու դեմ: Քաղաքական ճգնաժամը երկրում ծագել է, երբ պարզ է դարձել, որ առաջիկայում Միջազգային դատարանը պատրաստվում է հրապարակել 2005 թվականին տեղի ունեցած սպանության հետաքննության արդյունքները` հիմնական մեղքը բարդելով հենց «Հըզբոլլահ»-ի անդամների վրա: Հիշեցնենք, որ սպանված Ռաֆիկ Հարիրին ներկա վարչապետի՝ Սաադ Հարիրիի հայրն է:
Հ.Մանուկյան





























