Արցախյան պատերազմի մասնակիցների վարքը պետք է օրինակելի լինի: Այդ մասին Հայաստանի պաշտպանության նախարարության իրավապահ մարմինների խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՊՆախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով Տավուշի մարզի N զորամասում տեղի ուենցած միջադեպին՝ Օհանյանն ասել է. «Ունենալով արցախյան պատերազմին մասնակցի մարտական ուղի` ես առանձնահատուկ հարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սակայն կարծում եմ, որ արցախյան պատերազմի մասնակից լինելը նաեւ շատ պարտավորեցնող է, եւ բնական է, որ մեր հասարակությունը ակնկալում է, որպեսզի պատերազմին մասնակից սպաները իրենց վարքով ու գործողություններով լինեն օրինակելի»:

Նախարարը նշել է նաեւ, որ այսուհետ եւս անհանդուրժող կերպով են արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպեսզի «մեր նահատակված ընկերների կյանքի գնով ձեռքբերված հաջողությունները լինեն շարունակական, իսկ այն ապահովող բանակը` կարգապահ: Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են եւ ենթակա են պարտադիր կատարման»:

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ զինված ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ` շեշտը դնելով դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման եւ զինվորական բարեկրթության պահպանման վրա: Նախարարն ասել է, որ կարգապահության հարցերը 2011 թվականի առաջին կիսամյակում լինելու են պաշտպանության նախարարության ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնավոր լուծումները ստանան` բարձրացնելով զինված ուժերում կարգապահության մակարդակը:

Խորհրդակցությանը զեկույցով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արամ ՏԵր-Սահակյանը, քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 31-ին Իջեւանում  գնդի հրամանատար Սերգեյ Կարապետյանը ծեծի էր ենթարկել քաղաքացիական մի քանի անձանց: 20-ամյա Տարոն Ենգիբարյանը ստացած վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում, իսկ գնդաի հրամանատարի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: