Թունիսում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունները չեն կաշկանդում հայաստանյան տուրիստական գործակալություններին տուրեր կազմակերպել դեպի այդ երկիր։ Թեեւ չարտերային թռիչք դեպի այդ երկիր իրականացվում է միայն ամռան ամիսներին, սակայն թեկուզ առաջիկա չորեքշաբթի օրը բոլոր արկածախնդիրները կարող են հայտնվել հեղափոխական տարերքի մեջ գտնվող այդ երկրում։ Բնականաբար,  տուրիստական եւ ոչ մի գործակալութուն չի երաշխավորի ձեր անվտանգությունը, առավելագույնը բժշկական ապահովագրում իրականացնի։

NEWS.am-ը դիմեց մի քանի տուրիստական գործակալությունների («Իմեգա տուր», «Արարատ տուր», «Արմանե», «Արգոտուր»), որոնք, լսելով Թունիս մեկնելու մեր ցանկության մասին, առանց հապաղելու ու շատ բարեհամբույր տոնով հայտարարեցին, թե կարող են կազմակերպել շրջագայություն դեպի կուրորտային այդ երկիր,  առանց թեթեւ իսկ ակնարկի, որ այդ երկրում լարված իրավիճակ է, կան բազմաթիվ զոհեր եւ արտակագ դրություն է հայտարարվել։ Հարցին, թե կարող են երաշխավորել մեր անվտանգությունը, տուրիստական գործակալություններից մեկի օպերատորը ազդարարեց. «Նման երաշխիք ձեզ ոչ մի կազմակերպություն չի կարող տալ։ Մենք հոգում ենք միայն այդ երկիր հասցնելու եւ հյուրանոցում տեղավորելու խնդիրները։ Մնացածը հոգալու եք դուք»: Պարզեցինք, որ Հայաստանից նախորդ 10 օրերի ընթացքում  Թունիս՝ շրջագայության մեկնել ցանկացողներ չեն եղել։ Թե ինչն է պատճառը, պարզել չհաջողվեց։  Գործակալություներում որպես պատճառ նշեցին տուրիստական պասիվ սեզոնն ու կոնկրետ Թունիսում առկա եղանակային պայմանները։ (Թունիսում +13-15 աստիճան է, եւ այդ երկիրը տարվա այս եղանակին հրապուրիչ չէ տուրիստների համար):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 14-ի վաղ առավոտյան Թունիսի կառավարությունը ցրվել է: Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին հունվարի 14-ին փախել էր երկրից: Թունիսում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, բանակը իշխանությունն իր ձեռքն է վերցրել:

Թունիսի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել, տեղեկություններ են ստացվում, որ պարետային ժամ է հայտարարվել:

Երկրում զանգվածային անկարգությունները սկսվել էին 2010 թվականի դեկտեմբերի 17-ին.

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով կան մեկ տասնյակից ավելի մարդկային զոհեր եւ մի քանի տասնյակ վիրավորներ։