Ազգային Ժողովի  «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է Հայաստան ժամանող ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ հանդիպմանը եւ այդ հանդիպման ժամանակ բարձրացնելու է Հայաստանի ժողովրդավարական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց  «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ հանդիպման ընթացքում հիմնական շեշտադրումը լինելու է մարտի 1-ի դեպքերի չբացահայտված լինելը:«Անդրադառնալու ենք մարտի 1-ի դեպքերի չբացահայտված լինելուն,  քաղաքական հայացքների համար բանտերում գտնվող անձանց իրավունքներին, մարտի 1-ի դեպքերի ժամանակ բանակի օգտագործման փաստին, ինչպես նաեւ հայկական որոշ հեռուստաընկերությունների թվային հեռարձակման լիցենզիայից զրկելուն:

  Մասնավորապես «Ա1+»-ին»,- հայտարարեց Փոստանջյանը: Նա հավելեց նաեւ, որ անդրադարձ է լինելու նաեւ Ընտրական օրենսդրության փոփոխություններին: «Մենք նշելու ենք, որ եթե այս խնդիրները չլուծվեն, ապա եկող ընտրությունների ժամանակ ապահովագրված չենք լինելու մարտի մեկերի կրկնությունից, ընդ որում՝ ավելի վատ սցենարներով»,- նշեց պատգամավորը: 

Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն Համարբերգի այցից, NEWS.am-ի զրուցակիցը պատասխանեց. «Մարդու իրավուքների հանձնակատարը հենց այնպես չէ, որ գալիս  է Հայաստան: Նա գալիս է,  որպեսզի զեկույց պատրաստի Հայաստանում հետմարտիմեկյան իրավիճակի վերացման եւ ժողովրդավարության մակարդակի մասին: Այդ զեկույցը հիման վրա են  ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ու Նախարարների կոմիտեն վերաբերմունք արտահայտելու Հայաստանի նկատմամբ»:

Փոստանջյանի խոսքով՝ իրենց նպատակը մեկն է՝ Հայաստանում տիրող ժողովրդավարության իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություն ներկայացնել Մարդու իրավունքների հանձնակատարին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի՝ վերացնելու մարտի 1-ի հետեւանքները եւ կանխի ապագայում մարդու իրավունքների զանգվածային խախտումները Հայաստանում:

Նշենք, որ Թոմաս Համարբերգը Հայաստան է ժամանելու հունվարի 18-ին: Նա հանդիպելու է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: