«Նաիրի ինշուրանս» ապահովագրական գործակալությունը հունվարի 15-ի դրությամբ ապահովագրել է մոտ 31 հազ. ավտոմեքենա՝ սա հանրապետությունում ապահովագրված մեքենաների մոտ 10 տոկոսն է։
Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նաիրի ինշուրանս»-ի գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանը: Ըստ նրա, ապահովագրվածների մոտ 81 տոկոսը ֆիզիկական անձանց պատկանող մեքենաներ են։
Ասուլիսին ներկա էր նաեւ «Ռեսո» ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը, իսկ «Ինգո Արմենիայի» ներկայացուցիչն ինչ-ինչ պատճառներով չէր ներկայացել:
«Ռեսո»-ի գործադիր տնօրենն առայժմ խուսափեց հրապարակել, թե իրենց ընկերությունը որքան ավտոմեքենա է ապահովագրել՝ ասելով, որ այդ տվյալները կհրապարակվեն որոշ ժամանակ անց։ Սակայն նշեց, որ դեկտեմբերի վերջին օրերին եւ հունվարի առաջին տասնօրյակում իրենց ընկերությունն աշխատել է ահավոր ծանրաբեռնված:
«Ռեսոն» մինչ այսօր փոխհատուցել է 6 մլն դրամ (մոտ 16,5 հազ. դոլար)՝ 43 դեպքերի համար, իսկ «Նաիրի Ինշուրանսը»՝ 1,2 մլն դրամ (մոտ 3,3 հազ. դոլար)՝ 6 դեպքերի համար։ Բացի այդ՝ մի շարք դեպքերի գծով փոխհատուցումը ընթացքի մեջ է։
Այսպիսով՝ «Ռեսոն» 1 պատահարի գծով փոխհատուցել է 200 հազ. դրամ (մոտ 550 դոլար), իսկ «Նաիրի Ինշուրանսը»՝ 140 հազ դրամ (մոտ 340 դոլար)։ Սակայն նշենք, որ առավել մեծ փոխհատուցում պահանջող գործերը դեռ ընթացքի մեջ են։
2 ընկերությունների ղեկավարներն էլ համարյա թե բացառեցին կեղծիքների եւ կեղծ վթարների առկայությունը։




























