ՀՅԴ-ն դեռ չի որոշել իր թեկնածուին կառաջադրի, թե կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս պահին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք այս պահին լուրջ քննարկումների մեջ ենք, դեռ որոշում չենք կայացրել, մեր որոշման մասին կհայտարարենք»,- ասաց նա:

Նշենք, սակայն, որ ՀՅԴ խմբակցությունից Սուրեն Մանուկյանն արդեն հայտարարել է, որ միանում է ժողովրդական շարժմանը եւ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Արմեն Ռուստամյանը հրաժարվեց մեկնաբանել այդ տեղեկությունը:

Ավելի ուշ ՀՅԴ--ից հայտնեցին, որ հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ:

Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ԱԺ-ում վարչապետի թեկնածու են առաջադրելու Նիկոլ Փաշինյանին: Ամենայն հավանականությամբ նրա թեկնածությունը կպաշտպանի նաեւ «Ծառուկյան» դաշինքը: Այս երկու խմբակցությունները միասին ունեն 40 մանդատ, իսկ վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 մանդատ: