ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Մերձավոր արևելքում Իրանի գործողությունները, հայտնել են Սպիտակ տնից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Հիմա Թել Ավիվում է գտնվում ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Առաջնորդները քննարկել են սպառնալիքներն ու մարտահրավերները Մերձավոր արևելքում, հատկապես այն խնդիրները, որոնք առաջացել են իրանական վարչակարգի ապակայունացնող գործողությունների հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Նեթանյահուն հայտնել է, որ ոգևորված է , որ ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել աջակցել ու ղեկավարել լայնածավալ արշավը Իրանի միջուկային նկրտումների ու տարածքային էքսպանսիայի դեմ, որը նա անվանել է «մեծագույն սպառնալիք աշխարհի համար»։ Նեթանյահուն կիրակի Թել Ավիվում հանդիպել է ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որը հայտնել է, որ ամերիկյան վարչակարգն ունի «համընդգրկուն իրանական ռազմավարություն», որը հաշվի է առնում ոչ միայն Թեհրանի ատոմային նախագիծը, այլև նրա կողմից «ոչ միջուկային» սպառնալիքները՝ այդ թվում ներկայությունը Սիրիայում։




























