Ես բացառում եմ, որ մենք կադրային խնդիրներ ունենանք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կանի, եթե ներկա կառավարության անդամները, նախարարները հրաժարվեն աշխատել իր հետ:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը վարչապետի պաշտոնում, երբ խորհրդարանում մեծամասնությունը լինելու է ՀՀԿ-ն, Փաշինյանը պատասխանեց. «Այն քայլերը, որոնք անհրաժեշտ կլինեն ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար, այդ քայլերը կարվեն: Դա չի նշանակում, որ հիմա ես խոսում եմ կոնկրետ սցենարի մասին: Քննարկումների արդյունքում կկայացվեն որոշումներ: Ես ասել եմ, որ հույս ունեմ, որ վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։ Դա է կարեւորը աշխատանքային մթնոլորտ ձեւավորելու համար»:

Իսկ ՀՀԿ խմբակցության հետ Փաշինյանը քննարկելու է ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու հարցը քանի որ «եթե չընտրվի վարչապետ, քաղաքական ճգնաժամն ավելի կխորանա»:

Փաշինյանը նշեց, որ եթե ինքն ընտրվի վարչապետ, ապա առաջիկա 15-օրում պետք է ձեւավորվի կառավարություն, որից հետո 20-օրյա ժամկետում իրենք կներկայացնեն կառավարության ծրագիրը: