«Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու իմ թեկնածությանը. բոլոր հարցերում ունենք ըմբռնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որին «Ելք» խմբակցությունն արդեն իր նիստում առաջադրել է վարչապետի թեկնածու:

«Մենք ֆիքսեցինք, որ այս ժամանակաշրջանը շատ կարեւոր է հայաստանի համար, որ իսկապես ճեղքում ունենանք եւ Հայաստանը դնենք կայուն ու արագ զարգացման ռելսերի վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ արտահերթ ընտրությունների անպայման գնալու են:

«Պարզ է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, ժամկետների մեխանիզմների մասին քննարկումներ կունենանք քաղաքական ուժերի հետ: Չեմ կարծում, որ դա պետք է տեղի ունենա ուղղակի միանձնյա որոշմամբ: Պետք է փորձենք գալ որոշակի ընդունելի ժամկետների ու փոխզիջումների: Մենք անհրաժեշտ քայլեր ենք արել իրապես ժողովրդավարական եւ արդար ընտրություններ կազմակերպելու համար: Մենզ պետք են այնպիսի ընտրություններ, որ թե քաղաքական ուժերի, թե հասարակության մոտ լեգիտիմության առումով կասկածի տակ չլինեն»:

Դիտարկմանը, թե չեք կարծո՞ւմ, որ ընտրությունները հետաձգելով ձեր վարկանիշը կնվազի, Փաշինյանն ասաց. «Խնդիրը օրինականության եւ ընտրությունների մեխանիզմի հաստատման մասին է: Ես առայժմ ընտրական օրենսգրքի փոփոխություններ չեմ առաջարկել, երբ կլինի օրենսդրական փաթեթ, այն ժամանակ իրենք վերաբերմունք կարտահայտեն: Մեր նախկինում հայտարարած տեսակետների շրջանակում է լինելու»:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

Փաշինյանը հանդիպեց «Ծառուկյան» խմբակցության հետ. Ծառուկյանը ներկա չէր (ուղիղ)