Կոմիտասի պողոտայում HSBC բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման ժամանակ վիրավորված «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակից Արամ Մկրտչյանին վիրահատել են։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ  վերակենդանացման եւ ինտենսիվ թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ թիկնապահը դանակի երկու հարված է ստացել՝ դեմքին ու կրծքին։ Վիրահատությունը տեւել է մոտ 1.5 ժամ, հիմա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, վիճակը կայուն է։

Արամ Մկրտչյանը 25 տարեկան է, աշխատում է «Արմոբիլ» ընկերությունում մոտ 2 տարի, միաժամանակ սովորում է Գյուղատնտեսական ակադեմիայի հեռակա բաժնում։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: հարձակման հետեւանքով կա 1 զոհ, 2 վիրավոր:

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի, սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահներին հաջողվել է արագորեն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանություն:

Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: