Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) առաջին անգամ Հայաստանում այս տարի նախաձեռնում է «Համակարգչային Խաղերի Նախագծման Հայաստանի Բաց Առաջնությունը»։
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԻՏՁՄ-ից։ Առաջնության նպատակն է բացահայտել նոր տաղանդներ, զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը:
Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ առաջնությունն անց է կացվելու 2 փուլով եւ ունենալու է 6 անվանակարգ` սցենար, կերպարի դիզայն, գրաֆիկական դիզայն, անիմացիա, նորարարություն, կերպարի տեխնիական հնարավորություններ եւ լավագույն խաղ:
Հաղթողներին կտրվեն դրամական պարգեւներ, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռվի ՏՏ լավագույն ընկերություններում մասնակցել տարբեր ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների:
Մրցույթը տարիքային սահմանափակում չունի, իսկ մասնակցել կարելի է եւ նախապես ձեւավորված թիմով, եւ որպես անհատ: Խաղերի նախագծման համար նախապայմաններ, սահմանափակումներ չկան, մասնակիցը կարող է նախագծել ինտերնետի, համակարգչի կամ բջջային հեռախոսների համար նախատեսված խաղեր, ինչպես նաեւ ընտրել խաղերի նախագծման համար իրեն հարմար ծրագրավորման լեզուն:
Ցանկացողները գրանցման հայտ կարող են ներկայացնել հունվարի 17-ից փետրվարի 18-ը: Մրցույթի եզրափակիչ նախատեսվում է անցկացնել մարտ-ապրիլ ամիսներին:
Մրցույթն անկացվում է P-Art, Sourcio, Plexonic, Tx Systems, Triada, Robert Saakyants Production, MicroSoft ընկերությունների եւ WorldCyberGames, Association of Modern Technologies Professionals ասոցիացիաների աջակցությամբ:





























