Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարեւան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց չգտավ անհրաժեշտ քաղաքական կամք Թուրքիայի կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանը Աթենքում՝ լրագրողների հետ ճեպազրույցում: ՀՀ ղեկավարը Հունաստանում է գտնվում պետական այցով:

«Ես ուրախ եմ լսելու, որ նաեւ մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է սեփական անցյալի եւ հարեւանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով: Եվ երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, մենք կունենաք ավելի կանխատեսելի հարեւան»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորմանը, ՀՀ նախագահն ասել է. «Չնայած Բաքվի կողմից ուժի կիրառման անվերջ սպառնալիքներին, մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափով կարգավորելու քաղաքականությանը»:

Սերժ Սարգսյանը կարեւորել է միջազգային կազմակերպություններում հայ-հունական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա հատուկ առանձնացնել է պաշտպանական գերատեսչությունների միջեւ երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաեւ հայ եւ հույն գործարարների Աթենքում ընթացող համաժողովը:

«Ինչպես Հունաստանի, այնպես էլ Հայաստանի տնտեսությունները թոթափում են ճգնաժամի հետեւանքները, եւ մեր գործարարները կարող են շատ բան անել` օր առաջ այդ ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը խոսել է նաեւ մշակութային ոլորտում համագործակցության մասին, նշելով. «Ես վստահ եմ, որ գալիք տարիներին անցկացվելիք հայկական մշակութային օրերը Հունաստանում եւ հունական մշակութային օրերը Հայաստանում անցնելու են բարձր մակարդակով եւ էլ ավելի են ամրապնդելու մեր մշակութային կապերը, մեր բարեկամ ժողովուրդների հարաբերությունները»: