Իրանը կուսումնասիրի առանց ԱՄՆ-ի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման հեռանկարները, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«Ի պատասխան մշտական խախտումների եւ միջուկային գործարքից ԱՄՆ նախագահի ապօրինի դուրս գալու՝ նախագահ Հասան Ռոհանիի կարգադրությամբ ես դիվանագիտական ջանքեր եմ նախաձեռնում՝ ուսումնասիրելու համար, թե արդյոք կարող են համաձայնագրի մնացյալ անդամներն ապահովել Իրանի համար գործարքի բոլոր առավելությունները: Պատասխան գոծողություններ կձեռնարկվեն ըստ արդյունքների»,- Twitter-ում նշել է Զարիֆը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին: Ի պատասխան՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը կշարունակի համաձայնագրի իրականացումը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ՝ առանց ԱՄՆ մասնակցության:





























