Կարեւոր եմ համարում, որ իմ առաջին այցը վարչապետի կարգավիճակում կայանում է հենց Արցախի Հանրապետություն, որովհետեւ Արցախի Հանրապետության հետ մեր հարաբերություններն առաջնային են: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Փաշինյանը նշել է, որ Արցախ է եկել երկու ուղերձով. «Առաջինը, որ լիարժեք եւ անվերապահորեն իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությանը եւ նրա նախագահին, երկրորդը՝ երեկ ես իմ ելույթում ասել եմ, որ շատ կարեւոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
Փաշինյանն ընդգծել է, որ իրենք հավատարիմ են հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը եւ դատապարտում են ուժի կիրառման որեւէ գործողություն կամ սպառնալիք. «Որեւէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերն Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, բայց կարծում եմ, որ Արցախի Հանրապետության եւ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում լավագույնս կպաշտպանեն հենց Արցախի իշխանությունները: Ուստի մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ Արցախի Հանրապետությունը եւ իշխանությունն օր առաջ միջազգայնորեն ճանաչվի»:
Իր հերթին Բակո Սահակյանը նշել է, որ այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, որ մեր կյանքի դժվարությունները հաղթահարել են Մայր Հայաստանի եւ Սփյուռքի քույրերի ու եղբայրների հետ միասին, ինչպես նաեւ մեր բոլոր նվաճումներն արձանագրել ենք այդ նույն եռամիասնության շնորհիվ:
«Այս այցելությունը եւ մեր բանակցությունները, քննարկված հարցերն ու խնդիրները մեկ անգամ եւս ոչ միայն հույս են ներշնչում, այլ բոլորիս համոզմունք են հաղորդում, որ այդ նույն եռամիասնության շնորհիվ, այդ նույն հավատարմությամբ, հաստատակամությամբ, վճռականությամբ իրականացնելու ենք մեր սրբազան առաքելությունը, այն է՝ մեր հայրենիքի պաշտպանությունը, անառիկ սահմանների պահպանումը եւ մեր ժողովրդի բարեկեցության աստիճանի բարձրացումը: Ես նաեւ հնարավորություն եմ ունեցել Ձեզ հաղորդել տարբեր տեղեկություններ՝ հատկապես այս պահի դրությամբ մեր պետական սահմանների հատվածում ստեղծված իրավիճակի մասին եւ Դուք համոզվել եք, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, Արցախի քաղաքացիներն ու համայն հայությունն ինչպիսի վճռականությամբ են լցված, եթե մեր հակառակորդը նորից դիմի հանցավոր գործողությունների: Բնականաբար, այս այցելությունը եւ մեր քննարկումներն էլ ավելի են հստակեցրել մեր հավանական գործողություններն այդ հանցավոր քայլերի պայմաններում»,- ասել Բակո Սահակյանը:
Փաշինյանն էլ նշել է, որ ուրախ է արձանագրել եւ համոզվել, որ Արցախի պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակն առաջնագծում. «Ինչպես նախկինում՝ Արցախի ՊԲ-ի մարտունակությունը բարձր է, բայց ես կարծում եմ, որ այդ ավանդական մարտունակությանն ավելացել է եւս մի կոմպոնենտ՝ դա այն ազգային միասնության մթնոլորտն է, որ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տիրում է Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Կարծում եմ, որ սա կարեւոր ռազմաքաղաքական գործոն է եւ որեւէ կասկած չկա, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ոչ միայն ի վիճակի է պաշտպանել իրեն, այլ նաեւ խորը զղջման հասցնել յուրաքանչյուր ուժի, որը կհանդգնի ոտնձգություն կատարել նրա անվտանգության նկատմամբ:
Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ այն անկեղծ երկխոսության համար, որ հաստատվեց մեր միջեւ, չնայած այդ անկեղծ երկխոսությունն այսօր չէ, որ հաստատվել է, բայց վարչապետի կարգավիճակում ես առաջին անգամ եմ հյուրընկալվում Ձեզ եւ համոզված եմ, որ մեր համագործակցությունը լինելու է արդյունավետ, եւ այսօրվա այցը դրա համար որեւէ կասկած չի թողնում: Շնորհակալություն»,- եզրափակել է ՀՀ վարչապետը:





























