Եթե իշխանությունները ընտրական օրենսգրքի բարեփոխումների ուղղությամբ ռեալ քայլեր չկատարեն, ապա հաջորդ ընտրություններից հետո հասարակական առճակատումներն ու բախումներն անխուսափելի են լինելու։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։
Ինչպես հայտնի է, իշխող կոալիցիան ընտրական օրենսդրության բարեփոխումներ է իրականացնում, սակայն խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի, այդ նախագծի լրամշակումերին մասնակցելու առաջարկ չի ստացել։ Այդ պատճառով էլ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ներկայացրել են սեփական նախագիծը:
«Այսօր իշխանություններն ԱԺ-ում ունենալով մեծամասնություն, կարող են քաղաքական կամք դրսեւորել եւ գնալ ընտրական օրենսգրքի էական բարեփոխումների եւ հետագայում ցուցաբերել խոհեմություն՝ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար»,-հայտարարեց Խուրշուդյանը։ Ըստ նրա՝ նման պարագայում, որեւէ բախումնային սցենար չի կարող լինել։ «Այդ դեպքում հասարակության եւ քաղաքական ուժերի վստահությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ կլինի բարձր»,-հայտարարեց բանախոսը։ Ըստ նրա՝ եթե իշխանությունները շարունակեն նոր ոգով կառավարել երկիրը, ապա հասարակության շրջանում առկա սոցիալ-տնտեսական դժգոհությունը կարող է դառնալ անկառավարելի։
«Նույնիսկ ընդդիմությունը չի կարող կառավարել այդ զանգվածներին։ Այդ մարդիկ կգտնեն նոր առաջնորդներ, որոնք կհայտնվեն փողոցներից։ Թե ինչպե՞ս այդ մարդիկ կկառավարեն հասարակական դժգոհությունն ու ինչ հետեւանքներ կունենա, ոչ ոք չգիտի։ Իսկ դա ամենավտանգավոր սցենարն է»,-հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության մամուլի խոսնակը։





























