Գյուղատնտեսության նախարարության կանխատեսումներով՝ 2011 թ. սպասվում է գյուղատնտեսական արտադրանքի 5,6 տոկոս աճ։ Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ տարին բարենպաստ կլինի գյուղատնտեսության համար՝ Աստծո օգնությամբ բնակլիմայական պայմանները կբարելավվեն։ Նրա խոսքով՝ 2010 թ. բնակլիմայական տեսանկյունից վատագույնն էր վերջին տասնամյակում, սակայն պետք է այնպես անել՝ որ կլիմայով պայմանավորված վնասները հասցվեն նվազագույնի։

Նախարարն ասաց, որ լեռնային եւ նախալեռնային շրջաններում, ներկա դրությամբ, բավականաչափ ձյունածածկույթ կա։ Ձյուն քիչ է տեղացել միայն Արարատյան դաշտավայրում, սակայն առաջիկա հնարավոր տեղումներն իրավիճակը կշտկեն։